Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Առողջապահության նախարարությունը, Էկոպարեկային ծառայության հետ համատեղ, իրականացնում է բյուջեի համալրում՝ հակասահմանադրական մեխանիզմների կիրառմամբ։
Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության 04.07.2024 թ. «Էկոպարեկային ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 1009-Ն որոշմանը, որով հաստատվել է այն փաստաթղթերի ցանկը, որոնք քաղաքացին պարտավոր է ներկայացնել Էկոպարեկային ծառայության թափուր հաստիքների մրցույթին մասնակցելու համար։ Այդ փաստաթղթերի շարքում ներառված է նաև զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը։
Միևնույն ժամանակ, համապատասխան բուժհաստատություններում անհրաժեշտ հետազոտություններն իրականացվում են բացառապես վճարովի հիմունքներով, և տվյալ եզրակացությունը ստանալու համար քաղաքացին ստիպված է վճարել 55․000-ից մինչև 75․000 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ պետպատվերի շրջանակում այդ հետազոտությունները չեն իրականացվում։
Փաստորեն, այն քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն վճարելու բժշկական հետազոտությունների համար, փաստացի զրկվում են մրցույթին մասնակցելու իրավունքից։ Իսկ այն անձինք, որոնք մասնակցել են քննություններին, սակայն չեն հաղթահարել դրանք, հիմնավոր կերպով կարող են ենթադրել, որ գործընթացը վերածվել է բյուջեի համալրման միջոցի՝ պաշտոնյաներին պարգևավճարներ ապահովելու նպատակով։
Ակնհայտ է, որ նման գործընթացը հակասում է Սահմանադրությանը, իսկ դրա արդյունքում անցկացվող քննությունների իրավաչափությունը առնվազն կասկածի տակ է։ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը հստակ ամրագրում է խտրականության արգելքը, այդ թվում՝ գույքային վիճակից ելնելով։
Հատկանշական է նաև, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը իշխող քաղաքական ուժի կողմից առաջադրվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորի թեկնածուներ։ Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պատրաստվում են իրենց գործունեությունը շարունակել արդեն օրենսդիր մարմնում։
Մնում է հուսալ, որ ութ տարվա ընթացքում ձևավորված անօրինականությունների այս շղթան կավարտվի հունիսի 7-ին՝ իշխող քաղաքական ուժի պարտությամբ։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
22.05.2026 թ